ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ ԼԻԶԻՆԳ ԵՎ ԱՈՒԹՍՈՐՈՍԻՆԳ
Մշտական և ժամանակավոր անձնակազմի վարձակալություն
ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ ԵՎ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ ՝ ԻՆՉՈՒ՞Մ Է ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Աութսորսինգը և աութսթաֆինգը երկու օտարալեզու տերմիններ են, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվորեն ներդրվում են Հայաստանի բիզնես-միջավայրում: Չնայած այն, որ դեռևս 7-10 տարի առաջ տվյալ տերմիններին ծանոթ չէին անգամ փորձառու ղեկավարները, այնուամենայնիվ այժմ արդեն բազմաթիվ ընկերություններ հաջողությամբ կիրառում են նման «հարաբերությունները» իրենց պրակտիկայում:
ԻՆՉՈՒ՞Մ Է ՆՄԱՆ «ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ » ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՉՈՒ՞Մ Է ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳԻ ԵՎ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Որպեսզի հասկանալի լինի այս հասկացությունների միջև տարբերությունը, իսկ առավել ևս առավելությունները, անհրաժեշտ է նախևառաջ հստակորեն պատկերացնել այս տերմինների նշանակությունը:
Այսպիսով, ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ (անգլերեն «outsourcing»)՝ եթե այն բառացի թարգմանվի, կնշանակի՝ «ուրիշի ռեսուրսի օգտագործում»: Այլ խոսքերով՝ աութսորսինգը մի ընկերության կողմից կնքված պայմանագրի հիման վրա մեկ այլ՝ համապատասխան ոլորտում մասնագիտացած ընկերության (աութսորսերին) որոշակի բիզնես-գործընթացների կամ ոչ պրոֆիլային ֆունկցիաների՝ սպասարկման համար փոխանցումն է: Նման գործողությունները թույլ են տալիս ձերբազատվել ընկերության համար ոչ պրոֆիլային ֆունկցիաներից և լիովին կենտրոնանալ ձեռնարկության հիմնական գործունեության ուղղությամբ: Միևնույն ժամանակ աութսորսեր հանդիսացող ընկերության աշխատակիցները մնում են իրենց աշխատանքային տեղերում (կատարում են իրենց առաջադրանքները հեռավորության վրա) և հաշվառվում են աութսորսեր ընկերության հաստիքում:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
-
Բիզնեսի անխափան աշխատանքի ապահովում (քանի որ բիզնես-գործըթնացը փոխանցվում է աութսորսինգի ոչ թե կոնկրետ մեկի, այլ ընկերության, որը պատասխանատվություն է կրում հաճախորդի առջև պայմանագրային պարտավորությունների պահպանման համար);
-
Ընկերության հիմնական գործունեության վրա լիակատար կենտրոնացման հնարավորություն;
-
Սեփական ռիսկերը նվազագույնի հասցնելը՝ պրոֆեսիոնալների կողմից խնդիրների կատարման շնորհիվ;
-
Մասնագետների կողմից կատարվող աշխատանքների մակարդակը ավելի բարձր է մեկ հաստիքային աշխատողի կողմից առաջարկվող աշխատանքի մակարդակից;
-
Էական խնայողություն՝ աշխատավարձի հիմնադրամում և դրա հարկումներում, բյուլետենների և արձակուրդների տրամադրման հարցում, աշխատավայրը հարմարավետ դարձնելու հարցում, ինչպես նաև մասնագետների որակավորման բարձրացման հարցում:

ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ (անգլերեն «outstaffing») բառացի թարգմանությամբ՝ «արտահաստիքային»: Սա մեկ ընկերության (աութսթաֆֆերի) հաստիքից աշխատակիցների մի մասի տեղափոխությունն է մյուս կազմակերպության հաստիքին: Նման դեպքում աշխատակիցները աշխատանքի են տեղավորված մեկ ընկերությունում (աութսթաֆֆեր), սակայն փաստացի աշխատում են մեկ այլում,որտեղ նրանք ունեն իրենց աշխատատեղը և պաշտոնական հրահանգները:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
-
Չկա որոշակի աշխատանքներ կատարելու համար որակյալ անձնակազմի ընտրությամբ զբաղվելու անհրաժեշտություն (այժմ դա աութսթաֆֆեր ընկերության խնդիրն է);
-
Հաստիքը կրճատելու հնարավորություն, չկորցնելով արժեքավոր մասնագետներին;
-
Կադրերին պահելու ծախսերի խնայողություն (հարկային և սոցիալական ծանրաբեռնվածություն, արձակուրդների ու բյուլտենների վճարում, և այլն);
-
Չկա մեկ այլ տարածաշրջանում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն բացելու անհրաժեշտություն մեկանգամյա աշխատանքների կատարման և այնտեղ հաստիք հավաքելու համար;
Կարելի է հետևություն անել, որ աութսորսինգ և աութսթաֆինգ հասկացությունները իրար շատ նման են, և այդ պատճառով էլ այդ երկու տերմինները շատ հաճախ շփոթում են միմյանց հետ: Սակայն դրանց միջև մի նուրբ սահմանագիծ կա:
ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳի ԵՎ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳԻ ՄԻՋԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
Համագործակցության ձևը:
Աութսորսինգը՝ աշխատանքների կատարման, կամ ծառայությունների ցուցաբերումն է «ծայրից ծայր», որոշակի բիզնես-գործընթացի վարումն է: Աութսորսինգի ամենից հաճախ ենթարկվում են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են՝ հաշվապահության վարումը, թարգմանիչների ծառայությունները, ձեռնարկության տնտեսավարական գործունեության իրավաբանական ուղեկցումը, գովազդային ծառայությունները, պահակախմբի ծառայությունները, ծրագրավորողների ծառայությունները, տրանսպորտային ծառայությունները և այլն:
Աութսթաֆինգը՝ որոշակի ժամկետով մեկ ընկերության աշխատակիցներին՝ աշխատանքների կատարման համար մեկ այլ ընկերության տրամադրելն է, մինչև կոնկրետ առաջադրանքի կատարումը: Աութսթաֆինգը ենթադրում է ոչ թե ֆունկցիաների փոխանցում, այլ՝ կոնկրետ մասնագետների փոխանցում: Հաճախակի հանդիպում է առևտրում, արտադրության մեջ, շինարարության մեջ, սննդի արդյունաբերության ոլորտում, նորարարության ինդուստրիայում, սպորտում, և այլն:
2. Աշխատանքի կազմակերպումը:
Աութսորսինգի պայմանագրով աշխատող մասնագետները ունեն ճկուն գրաֆիկ և կատարում են աշխատանքն իրենց տարածքում: Աութսթաֆինգի պայմանագրով աշխատանք կատարելով՝ աշխատակիցները ենթարկվում են պատվիրատուի աշխատանքային օրակարգին, ունեն իրենց աշխատատեղը պատվիրատուի տարածքում և պաշտոնական հրահանգ:
3. Աշխատանքի վարձատրությունը:
Աութսորսինգի պայմանագրով վարձատրությունը ստանում են փաստով, իսկ Աութսթաֆինգի պայմանագրով, աշխատակիցները ստանում են ամենամսյա աշխատավարձ:
4. Պայմանագիր:
Հայաստանի օրենսդրությունը հստակ սահմանում չի տալիս ոչ՛ աութսորսինգին, ոչ էլ՝ աութսթաֆինգին, նաև չունի նորմեր, որոնք կարող են կարգավորել տվյալ հարաբերությունները:
Ամենից հաճախ աութսորսինգը՝ ընկերությունների միջև երկարաժամկետ հարաբերություններ են, որոնք ամրագրված են ծառայությունների ցուցաբերման պայմանագրով առնվազն մեկ տարի ժամկետով:
Աութսթաֆինգի դեպքում կնքվում է կապալի պայմանագիր այնպիսի ժամկետով, որն անհրաժեշտ է որոշակի աշխատանքների կատարման համար:
5. Պատվիրատուի հետ փոխգործունեությունը
Աութսորսինգի պայմանագրով համագործակցությունը գրեթե միշտ իրականացվում է միևնույն սկզբունքով՝ պատվիրատուն փոխանցում է որոշակի բիզնես- գործընթաց աութսորսեր ընկերության կատարմանը:
Իսկ աութսթաֆինգի դեպքում հնարավոր է պատվիրատուի հետ փոխգործունեության երկու տարբերակ.
-
Աութսթաֆեր ընկերությունը իր որակյալ աշխատակիցներին ժամանակավոր օգտագործման է տրամադրում պատվիրատու ընկերությանը:
-
Պատվիրատու ընկերությունը ազատում է իր աշխատակիցներին, իսկ աութսթաֆեր ընկերությունը նրանց հաշվառում է իր հաստիքում: Այդպիսով, նրանք հաշվառվում են աութսթաֆֆեր ընկերությունում, սակայն շարունակում են աշխատել պատվիրատուի ընկերությունում և կատարում են իրենց սովորական պարտականությունները, պահպանում են ձեռնարկության ներքին կարգուկանոնը: